Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իսկ ի՞նչ կհայտարարեն նրանք հունիսի 20-ին

Իսկ ի՞նչ կհայտարարեն նրանք հունիսի 20-ին
13.06.2017 | 00:06

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում էին՝ նրանք հանդիպեցին նախագահի, ԱԳ և պաշտպանության նախարարների հետ (սա նոր ձևաչափ է): Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին հաղորդվեց, որ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հարցեր, այդ թվում՝ սահմանային վերջին միջադեպերը: Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Նալբանդյանը հանդիպման ժամանակ ընդգծել է՝ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, բայց Ադրբեջանը շարունակում է արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները և անել հակառակը: Նրա խոսքով՝ «հասունանում է իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»:


Վիգեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրել առաջնագծում վերջին շրջանի միջադեպերի վրա` ողջունելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական արձագանքը: Նա ընդգծել է 2016-ին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:


Սովորաբար նման հանդիպումներից հետո չի նշվում՝ ի՞նչ են ասել համանախագահները, նրանք այցի ավարտին ամփոփիչ հայտարարություն են անում: Երևանը նրանց տարածաշրջանային այցի առաջին կանգառն էր, նրանք մեկնեցին Ստեփանակերտ, հունիսի 19-ին կլինեն Բաքվում: Ի՞նչ կասի Իլհամ Ալիևը՝ մայիսի 19-ի հասցեական հայտարարությունից հետո, կընդունի՞, որ շփման գծում լարվածությունը հետևանք է «ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու»: Ամենայն հավանականությամբ՝ և Ալիևը, և Մամեդյարովը, և Հասանովը այդ փաստը բանակցությունների առանցք չեն դարձնի, նրանք կփորձեն նորից սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտությունը պնդել ու կհայտարարեն, որ հայկական կողմն է բանակցությունները ձախողում: Այսինքն՝ Բաքուն իր ներկա վիճակում ի զորու չէ նոր քայլի՝ ոչ հետ, ոչ առաջ: Կայունության և խաղաղության պահպանման, զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման մասին նրանք կգերադասեն չխոսել՝ կրկնելով, որ դա նշանակում է ստատուս քվոյի վավերացում: ՄԽ համանախագահների այցից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նորից էր ասել, որ ԼՂ բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, համաձայնեցված չեն «մանր, բայց շատ կարևոր և զգայուն դետալներ»: Ի՞նչն է Լավրովը որակում «դետալ»: Եթե «դետալ» են ԼՂ կարգավիճակը, շրջանները կամ փախստականները, ի՞նչն է համաձայնեցված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՄԽ համանախագահները Երևանում, Ստեփանակերտում, Բաքվում բանակցություններից հետո կկարևորեն ԱԳ նախարարների ու նախագահների հանդիպումները՝ շեշտելով, որ ԼՂ հարցը ունի միայն քաղաքական լուծում, որին այլընտրանք չկա: Պատերազմի մասին, նրանցից բացի, խոսում են բոլորը, որ խաղաղության պահպանումը դարձնում է նրանց գերխնդիրը այս փուլում: Առնվազն երեք հարց կա. 1. Այս փուլում հրաժեշտ Կազանի՞ն: 2. Կլինի՞ ևս մեկ հասցեական հայտարարություն՝ այցի ավարտին: 3. Համանախագահ երկրների նախագահները կդիմե՞ն պատժամիջոցների Բաքվի նկատմամբ, եթե շարունակի միակողմանի խախտել հրադադարը: Սպասենք հունիսի 20-ին:

Դիտվել է՝ 2863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ